Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

26.Nov.2022 : Chiesa Armena apostolicacdi Roma - Հայ Եկեղեցու պատվիրակությունը Հռոմի միջազգային միջեկեղեցական գիտաժողովին
Հայ Եկեղեցու պատվիրակությունը Հռոմի միջազգային միջեկեղեցական գիտաժողովին
------------
Այսօր ավարտին է հասնում նոյեմբերի 23-ից 26-ը Հռոմի Սբ․ Թովմաս Աքուինացու անվան Անջելիկում քահանայապետական համալսարանում անցկացվոց Լսելով Արևելքը խորագրով միջազգային միջեկեղեցական գիտաժողովը՝ Արևելյան Ուղղափառ եկեղեցիներում ժողովականության (սինոդականության) վերաբերյալ:

Այն կազմակերպվել էր Պրո Օրիենտե (Pro Oriente) միջազգային եկեղեցական կազմակերպության (Վիեննա) և վերոնշյալ համալսարանի Միջեկեղեցական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից, Քրիստոնեական միասնության խթանման բաժնի և Եպիսկոպոսների Սինոդի գլխավոր քարտուղարության հովանու ներքո։
Գիտաժողովը, որին մասնակցում են Կաթոլիկ և Ուղղափառ Արևելյան Եկեղեցիների առաջնորդներ, բարձրաստիճան հոգևորականներ և շուրջ հարյուր գիտնականներ ու Եկեղեցիների աշխարհական պատվիրակներ, նպատակ ունի լսել Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ժողովականության վերաբերյալ տարբեր պատկերացումներն ու փորձառությունները:

Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են՝ Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայ Եկեղեցու ներկայացուցիչ՝ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ. Արմաշ Եպս․ Նալբանդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն Հոգշ․ Տ․ Գարեգին Վրդ․ Համբարձումյանը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կենտրոնական կոմիտեի Մեծի Տանն Կաթողիկոսության ներկայացուցիչ Կարեն Սարկավագ Յոսոլխանյանը։

Չորսօրյա գիտաժողովի առանձին աշխատանքային խմբերում ներգրավված է հայ երեք աշխարհական ՝ Փարիզի Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արամ Մարտիրոսյանը, աստվածաբանության դոկտոր Անի Ղազարյան-Դրիսսին, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի կենտրոնական կոմիտեի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչ Դիանա Ղազարյանը։
Առաջին երկու օրվա աշխատանքները նվիրված էին Ժողովականությանը Ասորի Ուղղափառ Եկեղեցում։

Ուրբաթ՝ նոյեմբերի 25-ին սկսվեց գիտաժողովի երկրորդ բաժինը՝ Ժողովականությունը ըստ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների ավանդությանը թեմայով։ Բացման նիստին հիմնական բանախոսությամբ հանդես եկավ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամյանը ժողովականության աստվածաբանությունը Արևելեան Ուղղափառ Եկեղեգիների ավանդության համաձայն թեմայով։ Սրբազան Հայրը իր ընդարձակ ելույթում մի քանի կարևոր դիտարկումներ արեց։
Առաջինը, որ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիները, իրենց եկեղեցաբանական վարդապետության շնորհիվ, Եկեղեցին ընկալում են ոչ թե որպես հաստատություն, այլ ավելի ճիշտ, որպես Եկեղեցու և ժողովրդի լիովին նույնականացման արտահայտություն, ինչը վաղ եկեղեցաբանության բուն արտահայտությունն է։
Թեև որոշ Արևելյան Ուղղափառ Եկեղեցիներում գործածվում են այլ բառեր, որոնք ստուգաբանորեն տարբեր իմաստներ ունեն, սակայն իր աստվածաբանական իմաստով սինոդոս բառը արտայայտում է Արևելյան Ուղղափառ ավանդության մեջ ժողովականության ընդհանուր ըմբռնումը:
Հոգիաբանական (pneumatological) և քրիստոսաբանական երկու հիմնական աստվածաբանական հարթությունները Արևելյան Ուղղափառ Ավանդույթյան ժողովականության ընկալման համար կարող են ընդունելի աստվածաբանական տեսակետներ հանդիսանալ: Այս հարթությունների ոգեշնչող և հաղորդութենական հատկանիշները կարևոր մոդելներ են նաև ժողովականության աստվածաբանության համար՝ Արևելյան Ուղղափառ աստվածաբանական ավանդության մեջ։
▫ ▫ ▫ ▫ ▫
Հայ Եկեղեցւոյ պատուիրակութեան մասնակցութիւնը Հռոմի միջազգային միջեկեղեցական գիտաժողովին
------
Այսօր աւարտին կը հասնի Նոյեմբերի 23-էն 26-ը Հռոմի Սբ․ Թովմաս Աքուինացիի անուան Անճելիքում քահանայապետական համալսարանէն ներս տեղի ունեցած Լսելով Արեւելքը խորագիրով միջազգային միջեկեղեցական գիտաժողով Արեւելեան Ուղղափառ եկեղեցիներու ժողովականութեան՝ սինոտականութեան վերաբերեալ:
Գիտաժողովը կազմակերպուած էր Փրո Օրիենտէ (Pro Oriente) միջազգային եկեղեցական կազմակերպութեան (Վիեննա) եւ վերոնշեալ համալսարանի Միջեկեղեցական ուսումնասիրութիւններու հիմնարկի /ինստիտուտի/ կողմէ, Քրիստոնէական միասնութեան խթանման բաժինի եւ Եպիսկոպոսներու Սինոտի գլխաւոր քարտուղարութեան հովանիի ներքոյ։
Գիտաժողովը, որուն կը մասնակցին Կաթողիկէ եւ Ուղղափառ Արեւելեան Եկեղեցիներու առաջնորդներ, բարձրաստիճան հոգեւորականներ եւ շուրջ հարիւր գիտնականներ ու Եկեղեցիներու աշխարհական պատուիրակներ, նպատակ ունի Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու ժողովականութեան վերաբերեալ տարբեր պատկերացումներն ու փորձառութիւններ լսել:
Հայ Առաքելական Եկեղեցին կը ներկայացնեն՝ Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ եւ Վատիկանի մէջ Հայ Եկեղեցւոյ ներկայացուցիչ՝ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամեան, Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերշ․ Տ. Արմաշ Եպս․ Նալպանտեան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան պահպանութեան գրասենեակի տնօրէն Հոգշ․ Տ․ Գարեգին Վրդ․ Համբարձումեան եւ Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի կեդրոնական կոմիտէի Մեծի Տանն Կաթողիկոսութեան ներկայացուցիչ Կարէն Սարկաւագ Յոսոլխանեանը։
Չորսօրեայ գիտաժողովի առանձին աշխատանքային խումբերու մէջ ներգրաւուած է հայ 3 աշխարհական՝ Փարիզի Սորպոնի համալսարանի փրոֆէսոր Արամ Մարտիրոսեանը, աստուածաբանութեան դոկտոր Անի Ղազարեան-Դրիսսին, Եկեղեցիներու համաշխարհային խորհուրդի կեդրոնական կոմիտէի Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ Տիանա Ղազարեանը։
Առաջին երկու օրուան աշխատանքները նուիրուած էին Ժողովականութեան Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ։
Ուրբաթ, Նոյեմբերի 25-ին, սկսաւ գիտաժողովի երկրորդ բաժինը Ժողովականութիւնը ըստ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու աւանդութեան թեմայով։ Բացման նիստին հիմնական բանախօսութեամբ հանդէս եկաւ Գերշ․ Տ․ Խաժակ Արք․ Պարսամեան ժողովականութեան աստուածաբանութիւնը Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու աւանդութեան համաձայն։ Սրբազան Հայրը իր ընդարձակ ելոյթով քանի մը կարեւոր դիտարկումներ կատարեց։
Առաջինը, որ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիները իրենց եկեղեցաբանական վարդապետութեան շնորհիւ Եկեղեցին կ՛ընկալեն ոչ թէ որպէս հաստատութիւն, այլ աւելի ճիշդ, որպէս Եկեղեցւոյ եւ ժողովուրդի լիովին նոյնականացման արտայայտութիւն, որ վաղ եկեղեցաբանութեան բուն արտայայտութիւնն է։
Թէեւ որոշ Արեւելեան Ուղղափառ Եկեղեցիներու մէջ կը գործածուին այլ բառեր, որոնք ստուգաբանօրէն տարբեր իմաստներ ունին, սակայն իր աստուածաբանական իմաստով սինոտոս բառը կ՛արտայայտէ Արեւելեան Ուղղափառ աւանդութեան մէջ ժողովականութեան ընդհանուր ըմբռնումը:
Հոգիաբանական (pneumatological) եւ քրիստոսաբանական երկու հիմնական աստուածաբանական հարթութիւնները Արեւելեան Ուղղափառ Աւանդութեան ժողովականութեան ընկալման համար՝ կրնան աստուածաբանական ընդունելի տեսակէտներ հանդիսանալ: Այս հարթութիւններու ոգեշնչող եւ հաղորդութենական յատկանիշները կարեւոր մոտելներ են նաեւ ժողովականութեան աստուածաբանութեան համար՝ Արեւելեան Ուղղափառ աստուածաբանական աւանդութեան մէջ։
#armenianchurch, #pontificallegation

https://m.facebook.com/story.php?story_fbid=pfbid08VGuH6iYfsbhxhhqqztfTJDKW98r9wfJmzTezuC2AiMMVe57MNYL5JdwF4Jk7rAZl&id=100053299060129

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.