Zatik consiglia:
Iniziativa Culturale:

 

 

09.Aett.2020; Alik.ir , armenia dopo 30 anni - in Armeno
Հայեացք 30 տարի անց (Մաս 1)
Հայեացք 30 տարի անց (Մաս 1)
Շատ կարեւոր է արձանագրել, թէ ՀՅԴ-ն ինչ քաղաքական ու նաեւ աշխարհաքաղաքական պայմաններում որոշեց կազմակերպօրէն ներկայանալ Հայաստանում:

1988-1990 թթ. Ադրբեջանի տարածքում գտնւող Գարդմանաց աշխարհի 40-ից աւելի հայկական համայնքներ բռնի հայաթափւեցին ու տեղահանւեցին իրենց պատմական բնակավայրերից: Շամխորի, Դաշքեսանի, Գանձակի շրջաններից (որոնց թւում է, օրինակ, յայտնի Չարդախլուն, որը յայտնի է որպէս երկու խորհրդային մարշալներ ծնած գիւղ) տեղահանւածների մէջ կային վիրաւորներ ու խոշտանգւածներ: Մարդիկ յաճախ կարողացել էին փրկւել՝ թողնելով իրենց ամբողջ ունեցւածքը: Նշւած 40-ից աւելի հայկական գիւղերն ազերիների կողմից ենթարկւել էին թալանի ու կողոպուտի, ոչնչացւել էին ու աւերւել հարիւրաւոր հայկական բազմադարեան եկեղեցիներ ու մշակոյթի արժէքներ: Արցախի Ասկերանի շրջանում ժողովուրդը յետ էր մղել Աղդամի կողմից ազերի բազմահազարանոց խուժանի յարձակումը, դարանակալ յարձակումներ էին տեղի ունենում ճանապարհներին ու բնակավայրերի մատոյցներում:

Հայաստանի բազմաթիւ շրջաններում՝ Սիւնիքում եւ այլուր, ադրբեջանաբնակ գիւղերից պարբերաբար ոտնձգութիւնների էին ենթարկւում մօտակայ հայկական գիւղերը: Հիւսիսային Արցախում յետ էին մղւել Գետաշէնից հիւսիս գտնւող հայկական Կամօ, Ազատ գիւղերի վրայ ազերի ՕՄՕՆ-ի յարձակումները: Սումգայիթում, Բաքւում եւ Գանձակում հազարաւոր հայեր ենթարկւել էին ցեղասպանութեան, ողջ մնացածները բռնել էին գաղթի ճանապարհը: Լեռնային Ղարաբաղի եւ նրա ողջ բնակչութեան ճակատագիրը հարցականի տակ էր: Մի խօսքով` նորից ծառացել էր հայ ժողովրդի գոյատեւման համար ինքնապաշտպանութեան խնդիրը, որին ՀՅԴ-ն բնականաբար պէտք է արձագանքէր: Իր արդէն 100-ամեայ գործունէութեան ընթացքում ՀՅԴ-ն, իր գործելակերպին հաւատարիմ, միշտ այնտեղ էր, որտեղ կար սպառնալիք հայի գոյութեանը: ՀՅԴ վերջին Ընդհանուր ժողովում արդէն որդեգրւել էր «Դէպի Երկիր» կարգախօսը. մնում էր գտնել վերջինիս կենսագործման կազմակերպական ձեւերն ու ուղիները:

70-ից աւելի տարիների ընթացքում կուսակցութեան բացակայութեան պայմաններում Հայաստանում տարբեր առիթներով եւ ձեւերով միշտ էլ առաջ են եկել ազգային խնդիրների շուրջ ժողովրդական պոռթկումներ (ինչպէս 1960-ական թւականներին): Ներշնչւած գաղտնի ձեւերով բերւած դաշնակցական գրականութեամբ` մերթ ընդ մերթ Հայաստանում գաղտնաբար գործել են կազմակերպութիւններ, որոնք` դաժանօրէն ճնշւել, իսկ նրանց անդամները կա՛մ սպանւել, կա՛մ աքսորւել են: Ազգային գաղափարների ու մտածելակերպի սերմանման ու պահպանման համար մեծ դերակատարութիւն են ունեցել այնպիսի ստեղծագործողներ ինչպիսիք են Րաֆֆին, Ա. Իսահակեանը, Յ. Շիրազը, Պ. Սեւակը, Կոմիտասը, Մինաս Աւետիսեանը եւ ուրիշներ:

1980-ականների վերջին Հայաստանում գաղտնի կամ կիսագաղտնի պայմաններում գործում էին մի շարք կազմակերպութիւններ, որոնք բոլորն էլ ներշնչւած էին Դաշնակցութեան դաւանած գաղափարներով: Դրանցից էին «Հայ Դատը» (Անդրանիկ Մարգարեան, Յովիկ Վասիլեան եւ ուրիշներ), «Զանգակատուն» միաւորումը (Ռուբիկ Աւետիսեան, Լեւոն Թադէոսեան եւ ուրիշներ), «Միացում» կազմակերպութիւնը, Ազգային միացեալ կուսակցութեան հիմքի վրայ Պարոյր Հայրիկեանի՝ բանտից դուրս գալուց յետոյ ստեղծւած «Ազգային ինքնորոշում» միաւորումը: Այդ կազմակերպութիւնների մի մասը ուղղակիօրէն ձեւաւորւել էր կամ յայտնւել Դաշնակցութեան ազդեցութեան շրջագծում՝ դառնալով բուն Դաշնակցութեան ապագայ կառոյցի նախահիմքը: Վերջիններիս թւում էին «Հայաստանի ազգային անկախութիւն» կուսակցութիւնը (Ռոլանդ Շառոյեան, Արտաշէս Շահբազեան, Շոթա Քերոբեան եւ ուրիշներ), «Ազատ Հայք»-ը (Հայկազուն Ալւրցեան, Գարեգին Մխիթարեան, Յարութիւն Յարութիւնեան եւ ուրիշներ), ինչպէս նաեւ «Հայ ուսանողների դաշինքը» (Բագրատ Եսայեան եւ ուրիշներ) եւ այլն: Այդ կազմակերպութիւնների մեծ մասը տպագրում էր պարբերականներ՝ ինքնահրատարակութեան սկզբունքով, որոնք, չնայած Անվտանգութեան կոմիտէի (ՊԱԿ) ռեպրեսիւ ջանքերին, լայն տարածում էին գտել ժողովրդի մէջ: Յատկապէս Արցախեան խնդրի ակտիւացման եւ բնապահպանական հիմնախնդիրների արծարծման ֆոնին այդ կազմակերպութիւնները գնալով ստւարանում էին ու ակտիւանում: Այդ կազմակերպութիւնների հարիւրաւոր անդամներ հետագայում անդամագրւեցին ՀՅԴ-ին եւ իրենց դերակատարութիւնն ունեցան պայքարի տարբեր ճակատներում: Օրինակ` «Զանգակատուն» միաւորումը 1987 թ. միաձուլւեց Իգոր Մուրադեանի ղեկավարած «Միացում» կազմակերպութեանը, որի անդամների մեծ մասը հետագայում դարձաւ դաշնակցական: «Զանգակատուն» հանդէսը շարունակեց հրատարակւել որպէս «Միացում» ամսաթերթ: «Հայաստանի ազգային անկախութիւն» կուսակցութիւնը հրատարակում էր «Հայաստան» պաշտօնաթերթը: Այդ եւ մի շարք այլ կազմակերպութիւններ հիմնականում զբաղւած էին Հայաստանի եւ Արցախի վերամիաւորման համար ստորագրահաւաքներ կազմակերպելով եւ թռուցիկներ ու քարոզչական բնոյթի այլ նիւթեր տարածելով:

Արցախեան շարժման սկզբնաւորման ու ծաւալման գործում պէտք է ընդգծել Իգոր Մուրադեանի բացառիկ դերը: Լինելով «Ղարաբաղ» կոմիտէի առաջին առաջնորդը՝ նա անվերապահօրէն էր ընդունում ՀՅԴ-ին եւ համոզւած էր, որ Արցախի հարցի լուծման գործում հիմնական դերակատարը հէնց նա է լինելու: Այդ համոզմունքը շատ շատերի համար այն ժամանակ եղաւ կողմնորոշիչն ու ուղղորդողը դէպի ՀՅԴ-ն:

1980-ականների վերջերին Դաշնակցութեան կազմակերպական ներկայութիւնը Հայաստանում նախապատրաստելու համար հայրենիք էր ժամանել ՀՅԴ գործիչների մի ամբողջ համաստեղութիւն՝ Իրանից, Լիբանանից, Յունաստանից, Կանադայից եւ այլ երկրներից: Փորձառու, պայքարում կոփւած մարդիկ, որոնց թւում էին Խաժակ Տէր-Գրիգորեանը, Հրանտ Մարգարեանը, Կիրօ Մանոյեանը, Վարանդ Փափազեանը, Արա Դեմիճեանը… Նրանք իրենց հետ բերել էին եւ ձեռքից ձեռք էին փոխանցում մեծ քանակութեամբ ազգային դաշնակցական գրականութիւն, որի պակասը կար, եւ այն մեծ արագութեամբ իւրացւում էր: Այդ ընկերների հետ իւրաքանչիւր շփումը, նրանց հետ զրոյցները «նորաթուխների» համար, յիրաւի, իսկական կուսակցական դպրոց էին:

Հայրենիքում Դաշնակցութեան «վերընձիւղման» գործում (ինչպէս ինքն էր անւանում) անգնահատելի ու բացառիկ դեր ունի ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխեանը: Նրա ոգեւորիչ եւ միեւնոյն ժամանակ անմիջական ու խորաթափանց խօսքը շատերի համար եղաւ կեանքի կողմնորոշիչ ու պայքարի ոգեկոչող ճառագայթ: Բարդ եւ դժւարին ճանապարհ էր ենթադրում կազմակերպութեան «վերընձիւղումը» Հայաստանում: Բնական է, որ նախ շարքերը պէտք է համալրէին նրանք, ովքեր Հայաստանում արդէն գործող վերոնշեալ կազմակերպութիւններում, որպէս հասարակական գետնի վրայ հանդէս եկող գործիչներ, դրսեւորել էին իրենց, քիչ թէ շատ հաղորդակից էին ազգային գաղափարաբանութեանը եւ ունէին պայքարի որոշակի փորձ: Քիչ չէին նաեւ յայտնի մտաւորականների անդամագրումները ՀՅԴ-ին, ինչպիսիք էին, օրինակ, Ռուբէն Յովսէփեանը, Սօս Սարգսեանը, Ալվարդ Պետրոսեանը, Լորենց Առուշանեանը, Ռազմիկ Դաւոյեանը, Սէյրան Խաթլամաջեանը, Սարգիս Մուրադեանը եւ այլք:

Հետաքրքիր էր նաեւ նախկին «այլախոհների դիրքորոշումը» այդ օրերին: Նրանցից ոմանց թւում էր, թէ խորհրդային տարիների իրենց պայքարը եւ բանտերում ու աքսորավայրերում կրած զրկանքները հաշւի առնելով` Հայաստանում ՀՅԴ ղեկավարումն անվերապահօրէն կը վստահւի իրենց: Չնայած որ նրանց այլախոհական պայքարը կրում էր ՀՅԴ-ի եւ Հայ Դատի անուղղակի ազդեցութիւնը, նրանք չէին ընկալում Դաշնակցութեան կանոնակարգային եւ կարգապահական սկզբունքները, մասնաւորապէս` Դաշնակցութեան` ոչ թէ անձի եւ անհատի, այլ հաւաքական գործունէութեան ու պատասխանատւութեան սկզբունքը: Շատ այլախոհներ (Պարոյր Հայրիկեան, Աշոտ Նաւասարդեան, Անդրանիկ Մարգարեան, եւ այլք) ստեղծեցին իրենց կազմակերպութիւններն ու կուսակցութիւնները, որոնց ծրագրերում այս կամ այն կերպ տեղ էին գտել ՀՅԴ ծրագրային սկզբունքները: Եղան նաեւ այնպիսիք, որոնք շուտ հասկացան ՀՅԴ էութիւնը եւ, անդամագրւելով նրան, մինչեւ վերջ անմնացորդ նւիրւեցին նրա պայքարին (Արցախ Բունիաթեան, Յակոբջան Թադէոսեան եւ այլք): Անդամագրւածների թւում քիչ չէին նաեւ մտաւորական տարբեր խաւերից ներկայացուցիչները` դասախօսներ, ուսուցիչներ, բժիշկներ, որոնց շրջանում յատուկ ակտիւութիւն էր նկատւում: Յայտնի բժիշկ Մելս Պետրոսեանն իր հետ բերեց համակարգի բազմաթիւ ներկայացուցիչների, որոնց ուժերով ՀՅԴ-ին կից գործում էր «Մխիթար Հերացի» բժշկական հիմնադրամը: Արցախեան շարժման ծաւալմանը համընթաց մեծացաւ յատկապէս ուսանողների ու երիտասարդների հոսքը դէպի ՀՅԴ: Հետագայում նրանցից շատերը (Թաթուլ Կրպէեան, Վարդան Բախշեան, Վարդան Դուշման, Արթուր Ղարիբեան, Արթուր Կարապետեան, Պետրոս Ղեւոնդեան, Կարօտ եւ միւս հերոսները) շարունակողները եղան Դաշնակցութեան հերոսական աւանդոյթների ու ինքնանւիրումի:

Հայաստանում կազմակերպական ներկայութեան մասին պաշտօնական յայտարարութիւնից յետոյ, երբ քաղաքական դիւանը ներկայացնում էին Ռուբէն Յովսէփեանը եւ տողերիս հեղինակը, սկսւեցին ժողովրդային հանդիպումները գիւղերում ու քաղաքներում՝ ամենուրէք, որոնց շնորհիւ Դաշնակցութեան շարքերը շրջաններում եւս արագօրէն ստւարացան: Սակայն, ինչպէս նշում էր Հրայր Մարուխեանը, ՀՅԴ-ն երբեք չպէտք է ձգտի դառնալու զանգւածային կուսակցութիւն, նրա անդամների թիւը չպէտք է անցնի հայութեան մէկ տոկոսը, որովհետեւ դաշնակցականները գաղափարական ու նւիրեալ, յաճախ զոհաբերութիւնների պատրաստ կուսակցականներ են, եւ այդ զոհողութիւնը պէտք է լինի յանուն համայն հայութեան: Գիտակցւում էր, որ կուսակցութիւնների ուժը ոչ թէ ծաւալուն անւանացանկերով է որոշւում, այլ նրանց համակրողների բանակով: Այստեղից էլ ծնւել էր մի կարգախօս` «Մեր ուժը մեր համակիրների մէջ է»:

ՀՅԴ կազմակերպական կառոյցի կազմաւորման գործընթացն ընթանում էր մեծ լայնախոհութեան պայմաններում:

Դրսեւորւում էր նաեւ մի ծայրայեղութիւն, երբ արդէն իսկ երդւեալ անդամները, որոնք, ընդգրկւած լինելով այս կամ այն մարմնում (այն ժամանակ մի քանի իրարից անկախ կոմիտէներ էին ձեւաւորւել), ՀՅԴ կազմակերպութեան ապակենտրոնացման համաձայն, իրենք պիտի որոշէին նոր դիմումների ճակատագիրը, աւելի յաճախ մերժում էին դրանք` չափից աւելի մանրակրկիտ ու խիստ մօտեցումներ դրսեւորելով, ինչի հետեւանքով բազմաթիւ (կարծում եմ` նաեւ արժանաւոր) դիմումնագրեր չհաստատւեցին ՀՅԴ-ի կողմից:

Մօտաւոր վիճակագրութեամբ՝ այն ժամանակ 10 դիմումնագիր ներկայացնողներից մէկն էր միայն, որ արժանանում էր ՀՅԴ-ին անդամագրւելու պատւին:

Շատ կարճ ժամանակահատւածում ՀՅԴ կառոյցները տարածւեցին Արցախով եւ Հայաստանով մէկ, եւ դա չէր կարող չանհանգստացնել թէ´ հոգեվարք ապրող կոմունիստական ռեժիմին եւ թէ´ ՀՀՇ-ական, փաստացի իշխանութիւնն արդէն իւրացրած ուժերին: Ի յայտ էին գալիս ՀՅԴ-ի եւ ՀՀՇ-ի գաղափարական տարաձայնութիւնները Արցախի խնդրում, Թուրքիայի նկատմամբ որդեգրած դիրքորոշումների եւ ներքին քաղաքական մի շարք կարեւորագոյն հարցերում, որոնք գնալով սրւում էին: Ցաւօք, օրւայ իշխանութիւնները ՀՅԴ-ի նկատմամբ որդեգրեցին նոյն բոլշեւիկեան դաւադիր ու նենգ պայքարի ձեւն ու մեթոդները, որոնք կիրառւել էին տասնամեակներ շարունակ: Նորից նենգափոխւում էր պատմութիւնը, նսեմացւում էին ՀՅԴ դերն ու նշանակութիւնը հայութեան պայքարի կարեւորագոյն փուլերում, տարածւում էին վարկաբեկիչ զրպարտանքներ ՀՅԴ-ի, նրա ղեկավարների՝ Հրայր Մարուխեանի, Հրաչ Տասնապետեանի եւ այլոց վերաբերեալ: Այդ ամէնը մատուցւում էր արդէն ՀՀՇ-ական մենիշխանութեանը ենթակայ պետական քարոզչական եւ կեղծարար տարբեր միջոցներով (ի դէպ, այս ձեռագիրը դրսեւորւում է նաեւ այսօր):

Օրւայ իշխանութիւնները հասան այնտեղ, որ ստեղծեցին կեղծ կուսակցութիւն՝ այսպէս կոչւած «Հայաստանի հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցութիւնը՝ կասկածելի անցեալ ունեցող մարդկանց ղեկավարութեամբ: Երեւանի կենտրոնում այդ կուսակցութեանը յատկացւել էր մի ներկայանալի գրասենեակ, երբ ՀՅԴ գրասենեակը գտնւում էր Մեասնիկեան փողոցի 2 հասցէում գտնւող կիսանկուղային յարկում: Դաշնակցութեան անունից մոլորեցւած շատ շատերին բաժանում էին ճոխ ձեւաւորւած վկայականներ՝ ՀՅԴ զինանշանով, մինչդեռ ՀՅԴ-ն չունէր անդամատոմս կամ կուսակցական վկայական: Յիշում եմ` երբ այդ օրերին մի հրապարակային հանդիպման ժամանակ Հրայր Մարուխեանին այդ ամէնի վերաբերեալ հարց տրւեց, նա զրպարտանքների մասին ասաց, որ ճիշտ կողմնորոշւելու համար խորհուրդ կը տայ նայելու, թէ ով է ամբաստանողը, ինչ է իրենից ներկայացնում, եւ ով է ամբաստանւողը, որոնք են նրա արած գործերը, եւ ինչպիսին է նրա անցած ճանապարհը. այդ ամէնից յետոյ պարզ կը լինի ճշմարտութիւնը: Այդ մօտեցումն արդիական է նաեւ այսօր, երբ նոյն ձեռագրով նորից փորձ է արւում զրպարտանքի եւ վարկաբեկման տարբեր եղանակներով (յաճախ կիրառելով արդի տեխնոլոգիական հնարաւորութիւնները) ժողովրդի աչքում նսեմացնելու ՀՅԴ-ին եւ նրա գործիչներին: Բանը հասաւ նրան, որ հետագայում, երբ, ըստ կուսակցութիւնների մասին ընդունւած օրէնքի, ՀՅԴ-ն պէտք է գրանցւէր, Հայաստանում յարուցւեցին բազմաթիւ «իրաւական» խոչընդոտներ (դրսից ղեկավարւելու փաստարկ եւ այլն), ինչի հետեւանքով նախ Արդարադատութեան նախարարութիւնում գրանցեցին «ինքնակոչ Դաշնակցութեանը», որը, իհարկէ, հետագայում կազմաքանդւեց: Շատերը, ովքեր խաբւել էին ու միացել այդ խմբակին, հեռացան նրանից եւ անդամագրման համար դիմեցին իրական ՀՅԴ-ին:

1990-ականների կէսերին ՀՅԴ գոյութիւնը Հայաստանում կայացած փաստ էր, եւ այն իր ներգործուն դերակատարութեամբ արժանացաւ ժողովրդի մի զգալի հատւածի համակրանքին ու վստահութեանը: Երկար ժամանակ հարկաւոր չէր, որպէսզի գործով ապացուցւէր, որ ՀՅԴ-ն հաւատարիմ է իր փառաւոր անցեալին ու պատրաստ է անմնացորդ նւիրումի` յանուն Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի ազատագրական պայքարի:



(Մաս 1)

ՀՐԱՅՐ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար,

մանկավարժական գիտութիւնների թեկնածու

«Դրօշակ», թիւ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.

Հրայր Կարապետեան

Vartanian

 
Il sito Zatik.com è curato dall'Arch. Vahé Vartanian e dal Dott. Enzo Mainardi;
© Zatik - Powered by Akmé S.r.l.